27 նոյեմբերի 2009 - 15:14 AMT
Իրանը վերջնականապես մերժել է ՄԱԳԱՏԷ-ի ծրագիրը
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Մոհամեդ Էլ-Բարադեյը հիասթափված է այն փաստից, որ Իրանը հրաժարվել է այլ երկրներ ուղարկել ուրանը հետագա վերամշակման համար: Այդ սխեման, որին հավանություն են տվել ԱՄՆ-ն, ՌԴ-ն ու Ֆրանսիան, երաշխավորում է, որ Իրանը չի օգտագործի ուրանը միջուկային զենքի ստեղծման համար: Ըստ Մոհամեդ Էլ-Բարադեյի, այդ ծրագիրը «հնարավորություն կտա կողմերին ապահովել բնակչության կարիքները եւ լրացուցիչ բանակցություններ վարել թշնամանքի երկար տարներից հետո: Այդ հնարավորությունից հարկավոր է օգտվել, քանի որ այն չէր կարելի բաց թողնել»:

Մոհամեդ Էլ-Բարադեյը նաեւ քննադատել է Թեհրանի դիրքորոշումը ուրանի հարստացման գործարանի հարցում, որի գոյությունը բացահայտվեց միայն սեպտեմբերի սկզբին` հաշվի առնելով այն փաստը, որ նրա շինարարությունը սկսցեվ երկու տարի առաջ: Օբյեկտը նախատեսվում է շահագործման հանձնել 2011թ.
Մինչդեռ, վեց համաշխարհային տերությունների` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ՌԴ-ի եւ Չինաստանի ներկայացուցիչներն ավարտեցին բանաձեւի նախագծի մշակումը, որով Թեհրնից պահանջում է սառեցնել Կումի հարստացման գործարանի շինարարությունը եւ հաստատել որեւէ գաղտնի միջուկային ծրագրերի բացակայությունը:

Ակնկալվում է, որ բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը ՄԱԳԱՏԷ-ում տեղի կունենա նոյեմբերի 27-ին:
ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն նախազգուշացրել է, որ եթե բանաձեւն ընդունվի, Թեհրանը նվազագույնի կհասցնի համագործակցությունը գործակալության հետ, հաղորդում է VOA News-ը:
Միջազգային հանրության մեծամասնությունը գտնում է, որ Իրանում միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ են ընթանում: Իր հերթին Թեհրանը պնդում է, որ իր միջուկային գործունեությունը բացառապես խաղաղ նպատակներ ունի: