28 նոյեմբերի 2009 - 13:38 AMT
Մոսկվայի պետական համալսարանում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո
Նոյեմբերի 27-ին Մոսկվայի պետական համալսարնի Հայ ուսանողների միությունը երեկո էր կազմակերպել` նվիրված Ղարաբաղյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՄՊՀ Հայ ուսանողների միությունից: Ուսանողները եւ Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին հարգելու հայ ժողովրդի հերոսի հիշատակը: Մոնթե Մելքոնյանի 52-րդ տարեդարձի կապակցությամբ ՄՊՀ Հայ ուսանողների միությունը կազմակերպել էր երեկո` նվիրված այդ առասպելական անձի կյանքին: Ցուցադրվել է նոր փաստագրական ֆիլմ` «Ո՞վ է Մոնթեն»:

Միջոցառումից հետո հյուրերը բարեկամական մթնոլորտում քննարկեցին հերոսի կենսագրական փաստերը եւ այսօրվա Հայաստանի արդի խնդիրները:

«Մոնթե Մելքոնյանը բացառիկ անձ էր: Նա խորապես գիտակցում էր իր պատկանելությունը հայ ազգին եւ առանձնակի կրքոտությամբ էր պայքարում նրա իրավունքների համար: Սերն ու հավատն էին նրա շարժիչ ուժը: Եվ նա, անկասկած, հաղթեց»,-ասել է իր խոսքում ՄՊՀ Հայ ուսանողների միության նախագահ Աշխեն Հովսեփյանը:

Առաջիկայում ՄՊՀ Հայ ուսանողների միությունը մտադիր է մի շարք միջոցառումներ կազմակերպել` նվիրված հայ ժողովրդի մյուս հերոսներին: