28 նոյեմբերի 2009 - 16:16 AMT
Օդեսայում կլինի Վասիլի Թաիրովի անվան հրապարակ
Օդեսայում խաղողագործության եւ գինեգործության ինստիտուտի հիմնադիր Վասիլի Թաիրովի ծննդյան 150-ամյակի առթիվ Օդեսայում նրա անվամբ կանվանակոչվի Ագրարնայա փողոցը եւ Վիլյամս ու Կորոլեւա փողոցներն իրար միացնող հրապարակը, հաղորդում է Analtika.at.ua:

Հենց այդ հրապարակում հայ համայնքի ներկայացուցիչները հատուկ հուշատախտակ կտեղադրեն` ի հուշ իրենց հայրենակցի:

Վասիլի Եգորի (Գեորգիի) Թաիրովը ծնվել է 1859 թ. Ղարաքիլիսայում (Վանաձոր): Կրթություն է ստացել Թիֆլիսի ռեալական ուսումնարանում եւ նախկին Պետրովյան գյուղատնտեսական եւ անտառային ակադեմիայում, որի դասընթացն ավարտել է 1884 թ.: Թեկնածուական ատենախոսության թեման է եղել` «Բրասովսկու կալվածքի գործարաններում փայտի քացախաթթվի արտադրությունը»: Թաիրովը հողագործության նախարարության գիտական կոմիտեի, Պտղաբուծության ռուսական կայսրական ընկերության, "Societe Regionale de viticulture de Lyon" թղթակից անդամ է եղել եւ այլն: