29 նոյեմբերի 2009 - 19:25 AMT
Ռուսաստանը Եվրոպայի անվտանգության մասին պայմանագիր է նախապատրաստել
2008թ. հունիսի 5-ին ՌԴ նախագահը հանդես եկավ Եվրաանվտանգության մասին պայմանագրի մշակման նախաձեռնությամբ, որով ռազմաքաղաքական անվտանգության ոլորտում նախատեսվում է ստեղծել Եվրաատլանտյան միասնական, անբաժան տարածք` վերջնականապես հրաժարվելով «սառը պատերազմի» ժառանգությունից: Այդ նպատակով Դմիտրի Մեդվեդեւը առաջարկել է ամրագրել միջազգային իրավունքում անվտանգության անբաժանելիության սկզբունքը: Խոսքը գնում է իրավաբանական պարտավորության մասին, որի համաձայն ոչ մի պետություն եւ ոչ մի միջազգային կազմակերպություն չեն կարող ամրապնդել իրենց անվտանգությունը այլ երկրների ու կազմակերպությունների անվտանգության հաշվին: Վերջին տարում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ռուսական կողմը Եվրաանվտանգության մասին պայմանագիր է նախապատրաստել: ՌԴ նախագահը հղել է այն համապատասխան երկրների ղեկավարներին, ինչպես նաեւ եվրա-ատլանտյան տարածքի միջազգային կազմակերպությունների` ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՀԿ-ի գործադիր ղեկավարներին: Դ.Մեդվեդեւն ընդգծել է, որ ՌԴ-ն բաց է առաջարկությունների համար:

Պայմանագրում, մասնավորապես, ասվում է, որ այդ պայմանագրի մասնակիցը չպետք է կատարի այնպիսի գործողություններ կամ միջոցառումներ, որոնք էապես կարող են անդրադառնալ այս պայմանագրի մեկ կամ մի քանի մասնակիցների անվտանգության վրա: «Այս պայմանագրի մասնակիցը թույլ չի տալիս, որ օգտագործվի իր տարածքը, ինչպես նաեւ ինքը չի օգտագործում ուրիշի տարածքը սույն պայմանագրի մեկ կամ մի քանի մասնակիցների դեմ զինված հարձակման նախապատրաստման կամ իրականացման համար: Եթե զինված հարձակում կամ հարձակման փորձ կատարվի սույն պայմանագրի մասնակցի դեմ, անհապաղ միջոցներ են ձեռնարկվում: Պայմանագրի մասնակիցը մեկ այլ մասնակցի դեմ զինված հարձակումը կարող է դիտարկել որպես հարձակում իր դեմ: Սույն պայմանագրով չեն ոտնահարվում մասնակիցների չեզոք մնալու իրավունքները: Սույն պայմանագիրը բաց է ստորագրման համար եվրաատլանտյան եւ եվրասիական տարածքի բոլոր պետությունների համար` Վանքուվերից մինչեւ Վլադիվոստոկ եւ հետեւյալ միջազգային կազմակերպությունների` ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ՆԱՏՕ-ի համար: Սույն պայմանագիրը ենթակա է վավերացման այն ստորագրած երկրներում եւ հաստատման ու ընդունման այն ստորագրած միջազգային կազմակերպություններում»,-ասվում է Պայմանագրի նախագծում, հաղորդում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը: