Ավստրալիայի հայերը ամեն նոյեմբեր անցկացնում են «Պահանջատիրության շաբաթ»

PanARMENIAN.Net - Այսօր Ավստրալիայում բնակվում է մոտ 40-50.000 հայ: Այդ մասին հաղորդել է Modus Vivendi կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նրա խոսքերով, հայերը գալիս են Սիդնեյ, մասնավորապես այն երկրներից, որտեղ կան ավանդական հայ համայնքներ` Լիբանան, Սիրիա, Իրան, Եգիպտոս: «Ավստրալիայում հայերը ունեն իրենց եկեղեցիները, դպրոցները եւ կազմակերպությունները», - նշել է Պապյանը, ավելացնելով, որ չնայած դրան Ավստրալիայի հայ երիտասարդությունը հեռանում է իրենց ազգային արմատներից: Ընդ որում, Պապյանը նշել է, որ «Հայ Դատի» (Armenian National Committee of Australia) հրավերով նա արդեն 10 օր է, ինչ գտնվում է Ավստրալիայում:



Բարձր գնահատելով կազմակերպության գործունեությունը, Պապյանը նշել է, որ ի տարբերություն «Հայ Դատի» այլ գրասենյակների, ավստրալիական գրասենյակը ամեն նոյեմբեր կազմակերպում է «Պահանջատիրության շաբաթ» (Advocacy week): Նա հույս հայտնեց, որ Հայաստանում էլ կանցկացվի նմանատիպ միջոցառում:



Արա Պապյանը հանդիպել է Ավստրալիայի Սենատի պատգամավորների մեծամասնության հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել էր Հայոց ցեղասպանության հարցը: «Գրեթե բոլոր պատգամավորները միաձայն հայտարարել են, որ չունեն կասկածներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ», - ասել է Պապյանը, ընդգծելով, որ չնայած դրան, նրանք ելնելով քաղաքական կորեկտությունից, կարծում են, որ ներկայումս աննպատակահարմար է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---