30 նոյեմբերի 2009 - 18:35 AMT
Եմ-ն փակում է աչքերը ազգային փոքրամասնությունների նկատմամբ Թբիլիսիի խտրական քաղաքականության վրա
«Երկիր» հայրենադարձության եւ հիմնավորման միությունը բաց նամակ է ուղարկել Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին, որում բարձրացնում է Վրաստանում ազգային փոքրամասնությունների հանդեպ վրաց իշխանությունների վարած խտրական քաղաքականության մասին խնդիրը:

«Վրաստանի հայ ազգաբնակչությունը, հատկապես երկրի հարավարեւմտյան շրջաններում համախումբ ապրող նրա մի հատվածը տառապում է իր քաղաքական, քաղաքացիական, կրթամշակութային եւ կրոնական իրավունքների ոտնահարումից, այն իրավունքների, որոնք երաշխավորված են Վրաստանի ստանձնած ազգային փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային պարտավորություններով», - ընդգծվում է միության նամակի մեջ:

Միության ներկայացուցիչները նշում են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության Եվրոպական շրջանակային կոնվենցիայի սահմանած նորմերի Վրաստանի իշխանությունների կողմից բացթողումների եւ այդ նորմերին չհետեւելու մասին:

«Վրացականն իշխանությունները, արհամարհելով միջազգային հանրության հանձնարարականները, ջավախահայության նկատմամբ շարունակում են խտրական քաղաքականություն իրականացնել: Ավելին, վերջին շրջանում այդ քաղաքականությունը ընդունեց ջավախահայ քաղաքական ակտիվիստների նկատմամբ ուժային կառույցների եւ դատաիրավական համակարգի իրականացրած հալածանքների բնույթ», - ասվում է նամակում:

Միությունը կոչ է անում Պիտեր Սեմնեբիին ավելի վճռական եւ գործուն դիրքորոշում գրավել այս հարցում` փորձելով «բացատրել» վրացական իշխանություններին, որ իրենց երկրի հայ քաղաքացիների հետ ուժի, ոստիկանական հալածանքների եւ իրավազրկության դիրքերից խոսելը տանում է դեպի փակուղի: «Միայն սկզբունքային կեցվածք դրսեւորելու միջոցով է հնարավոր իրապես օգնել վրացական իշխանություններին երկրում հաստատելու գործող ժողովրդավարական համակարգ, ինչը իրական կայունության երաշխիք կդառնա ոչ միայն Վրաստանի, այլեւ ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար», - ընդգծված է «Երկիր» միության նամակում: