«Deno Gold Mining» դեմ հերթական դատավարությունը կկայանա 2009թ. դեկտեմբերի 25-ին

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ ընդունեց Շահումյան բանավանի սեփականատերերի նոր հայցն ընդդեմ «Deno Gold Mining» ընկերության: Բնակիչները պահանջում են Շահումյան բանավանում դադարեցնել ընկերության՝ իրենց կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող գործունեությունը եւ փոխհատուցում վճարել պատճառված վնասի համար: Ինչպես ԷկոԼուրին հայտնեցին տեղի «էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ից, որը պաշտպանում է Շահումյանի սեփականատերերի իրավունքները, դատական նիստը նշանակված է 2009թ. դեկտեմբերի 25-ին:



Դատարանը մերժեց նույն պահանջով նախորդ երկու հայցերը` իր որոշումը հիմնավորելով գործի նյութերում ապացույցների բացակայությամբ: Մերժման հետ միաժամանակ դատարանը որոշում ընդունեց միջոցառումներ ձեռնարկել՝ կանխելու մարդկանց կյանքի եւ առողջության համար ռիսկերը, որոնք առաջացել են Շահումյան բանավանում «Deno Gold Mining» ընկերության կողմից իրականացվող վերգետնյա եւ ստորգետնյա աշխատանքների արդյունքում: Դատարանը որոշման իրականացումը հանձնարարեց դատական կատարողների:



Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Շահումյանի հանքավայրում զոհվեց ընկերության 43-ամյա աշխատակից Արա Պողոսյանը: Ներկայումս Կապանում աշխատում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագիտական խումբը` պարզելու մահվան պատճառները: Սա երկրորդ դժբախտ դեպքն է վերջին երկու տարիների ընթացքում: 2008թ. հունվարի 10-ին վթարի պատճառով Շահումյանի հանքավայրում զոհվեց 29-ամյա Դավիթ Մկրտչյանը: Այդ դեպքի առնչությամբ քրեական գործ այդպես էլ չհարուցվեց:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---