ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ընդունում է սփյուռքի հայկական դպրոցների համար ուսումնական ձեռնարկներ ստանալու մասին հայտերը

PanARMENIAN.Net - 2009 թ. ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը աշխարհի 40 երկրների 350 հայկական ուսումնական հաստատություններին տրամադրել է 70 հազ. հայերեն լեզվով դասագրքեր: Դրանք 9-րդ դասարանի հայոց լեզվի եւ գրականության դասագրքեր են եւ աշխատանքային տետրակներ:



Ինչպես հաղորդում է ՀՀ գիտության եւ կրթության նախարարությունը, այդ դասագրքերի մեծ մասն ուղարկվել է Վրաստան` շատ քաղաքների եւ տարածաշրջանների ղեկավար մարմինների հայտերի հիման վրա, տեղի հայկական դպրոցների համար: Գրքերը տեղ են հասել ընթացիկ տարվա հոկտեմբերին` Վրաստանի գիտության եւ կրթության նախարարության գրավոր համաձայնությամբ:



Միեւնույն ժամանակ Վրաստանի հայկական դպրոցներին մատակարարվել է դպրոցական կահույք (1250 նստարան եւ 270 գրատախտակ): Նշվում է, որ դպրոցական կահույքի հայտը բավարարվել է մասամբ, հնարավորությունների սահմաններում` Հայաստանի բյուջեից հատուկ այդ նպատակի համար դուրս գրված միջոցներով: Հայաստանի եւ Վրաստանի գիտության եւ կրթության նախարարությունների պայմանավորվածության համաձայն, կահույքն ու ուսումնական ձեռնարկները կընդունի եւ կբաշխի Ախալքալաքի ղեկավար մարմինը:



ՀՀ գիտության եւ կրթության նախարարությունը որոշել է շարունակել այդ գործընթացը նաեւ եկող տարի, այդ պատճառով արդեն սկսել է ընդունել 2010-2011 թթ. ուս. տարվա համար հայկական դպրոցների ուսումնական ձեռնարկներ ստանալու հայտերը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---