3 դեկտեմբերի 2009 - 14:30 AMT
«Ժառանգությունն» առաջընթաց չի տեսնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների Աթենքում կայացած հանդիպման մեջ
«Դեկտեմբերի 1-ին Աթենքում կայացած ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳՆ ղեկավարների լավատեսական հայտարարությունը հիմնականում հասցեագրված էր Թուրքիային»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Ըստ Սաֆարյանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳՆ ղեկավարների հայտարարությունը յուրօրինակ պատասխան էր թուրքական կողմի այն հայտարարություններին, որ միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացից հետո, Թուրքիայի խորհրդարանում կվավերացվեն Հայ-թուրքական արձանագրությունները: «Դրանով ԵԱՀԿ ՄԽ ԱԳՆ ղեկավարները հավաստիացրեցին Թուրքիային, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում կարող է առաջընթաց գրանցվել»,-ասել է պատգամավորը:

Այդ գործընթացը Սաֆարյանը վտանգավոր է համարել, քանի որ, ըստ նրա, Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը կլուծվի ադրբեջանա-թուրքական հարաբերությունների հենքի վրա:

Ս.Սաֆարյանը նշել է նաեւ, որ Աթենքում կայացած բանակցություններում առաջընթաց կարող էր գրանցվել միայն այն դեպքում, եթե այդ քննարկումների արդյունքում փոփոխություններ կատարվեին Մադրիդյան սկզբունքներում: «Սկզբունքները չեն բխում Հայաստանի եւ ԼՂՀ-ի շահերից»,-ասել է Սաֆարյանը:

Նա նաեւ նշել է, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցություններում Հայաստանը հաղթանակի կհասնի միայն այն դեպքում, եթե ԼՂՀ-ն անմիջական մասնակցություն ունենա բանակցային գործընթացին: