3 դեկտեմբերի 2009 - 20:40 AMT
Երեւանում «Կամավորության տոնավաճառ» տեղի կունենա
Դեկտեմբերի 5-ին «Եվրասիա» միջազգային համալսարանում կմեկնարկի «Կամավորության տոնավաճառը», որը կիրականացվի Կամավորության միջազգային օրվա շրջանակներում:

«Կամավորության տոնավաճառի» նպատակն է ներկայացնել կամավորության գաղափարը եւ դերը հասարակության զարգացման գործում, ինչպես նաեւ Հայաստանում դրա գործնական կիրառումը:

Միջոցառմանը կմասնակցեն հայաստանյան բուհերի ուսանողներ, տեղական ՀԿ-ների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Տեղեկատվության փոխանակման եւ ինտերակտիվ առաջադրանքների միջոցով մասնակիցները կտեղեկանան կամավորելու հնարավորությունների եւ կամավորներ ներգրավող կազմակերպությունների մասին, ինչպես նաեւ համատեղ կմշակեն մեկամսյա ծրագրեր` իրենց իսկ կամավորելու ուղղությամբ: «Կամավորության տոնավաճառի» ավարտին մասնակիցներին կառաջարկվի միանալ Կամավորության միջազգային օրը նշող կազմակերպությունների մի շարք այլ միջոցառումներին, որոնք կանցկացվեն Ծիծեռնակաբերդի այգիում եւ «Փյունիկ» հաշմանդամների միությունում:

Տոնավաճառի կազմակերպիչներն են «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպությունը եւ «Եվրասիա» միջազգային համալսարանը:

Կամավորության միջազգային օրը տոնվում է 1985-ից: ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովը 1985-ին կառավարություններին առաջարկեց ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշել հանուն տնտեսական ու սոցիալական զարգացման Միջազգային կամավորության տոնը: