Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը փոխում է քաշային կարգը

PanARMENIAN.Net - Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը եւ իր սանիկ Նազիկ Ավդալյանը դեկտեմբերի 4-ին հանդիպեցին լրագրողների հետ, որպեսզի ամփոփեն Գոյանգում (Հարավային Կորեա) կայացած աշխարհի առաջնության արդյունքները:



Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը գոհ է Նազիկ Ավդալյանի ելույթներից, որը 69կգ քաշային կարգում նվաճեց չեմպիոնի տիտղոսն ու 3 ոսկե մեդալ, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը, որը հանդես էր գալիս 75կգ քաշային կարգում, բրոնզե մեդալակիր դարձավ: «Հայաստանում ծանրամարտով սկսեցին զբաղվել 2000-ից: Այդ կարճ ժամանակամիջոցում մեր ծանրամարտուհիներն ապացուցեցին ամբողջ աշխարհին, որ շատ ուժեղ են»,- ասաց Ներսիսյանը:



Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը որոշել է այլ քաշային կարգ անցնել եւ այսուհետ հանդես է գալու 75կգ քաշային կարգում: «Ես քաշի հետ կապված խնդիրներ ունեմ, դժվարությամբ եմ կորցնում ավելորդ կիլոգրամները: Այսօրվանից եւեթ ես պետք է սկսեմ իմ մարզումները, բայց մարզիչս ինձ փոքր-ինչ հանգստանալու հնարավորություն տվեց: Պարապմունքները կսկսեմ դեկտեմբերի 8-ից»,- ասաց Նազիկ Ավդալյանը:



Ավդալյանի խոսքով, «պոկում» վարժության երկրորդ փորձից հետո, որը մրցավարները չհաշվեցին, ինքը զգաց, որ սխալ է գործել: «Ես բաց չթողեցի ծանրաձողը, թեեւ զգացի, որ ծալել եմ ձեռքս, բայց մրցավարները կարող էին եւ ավելի շուտ հայտնել, որ չեն հաշվելու այդ փորձը, այլ ոչ թե սպասել, մինչեւ ես բարձրանամ»,- ասաց Ավդալյանը:



Հիշեցնենք, որ երկրորդ փորձից Ավդալյանը բարձրացրեց 119 կիլոգրամ կշռող ծանրաձողը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---