4 դեկտեմբերի 2009 - 21:16 AMT
Հայաստանը կմասնակցի «Բեյրութը միջազգային գրքի մայրաքաղաք 2009» փառատոնին
Բեյրութում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին առաջին անգամ մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը: Այդ մասին դեկտեմբերի 3-ին Լիբանանի մշակույթի նախարար Սալիմ Վերդեհի հետ հանդիպման ժամանակ հայտնեց Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը:

Փառատոնին Հայաստանը ներկայացնում էին երգարվեստի, գեղանկարչության, գրականության, պարարվեստի եւ սպորտի ոլորտների ներկայացուցիչներ: Աշոտ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը մտադիր է մասնակցելու նաեւ «Բեյրութը միջազգային գրքի մայրաքաղաք 2009» շրջանակներում 2010թ. ապրիլին Լիբանանի մայրաքաղաքում անցկացվելիք եզրափակիչ միջոցառումներին:

Հայ-լիբանանյան երկկողմ հարաբերությունների խորացման ենթատեքստում քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Ընդգծվել է երկու երկրների մայրաքաղաքներում մշակութային օրերի անցկացման անհրաժեշտությունը: