5 դեկտեմբերի 2009 - 12:26 AMT
Google-ը ստեղծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների վիրտուալ բազա
Google ընկերությունն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաձայնագիր են կնքել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված օբյեկտների վիրտուալ բազա ստեղծելու մասին, ասվում է կազմակերպության կայքէջում:

Արդեն ավարտվել են 860 օբյեկտներից 19-ի նկարահանումները, որոնք հասանելի կլինեն Google Street View ծառայության շնորհիվ:

Google-ի նկարահանած վայրերի թվում են Փարիզի Վերսալի պալատը, Իսպանիայի Սալամանկա եւ Կասերես քաղաքների, Պոմպեոսի, ինչպես նաեւ Իտալիայի Սիեննա եւ Ուրբինո քաղաքների, Չեխիայի մայրաքաղաք Պրահայի պատմական շրջանները, Սթոունհենջն ու Մեծ Բրիտանիայի Թագավորական բուսաբանական այգիները:

«Հետագայում ցուցակը նախատեսվում է ընդլայնել: Առաջնությունը կտրվի դժվար հասանելի վայրերին: Google-ի հետ համագործակցելով, մենք հնարավորություն ստացանք բոլոր ցանկացողներին հրաշալի վայրեր ցույց տալ եւ մարդկանց ուշադրությունը սեւեռել պատմական հուշարձանների պահպանության խնդրի վրա, ինչպես նաեւ նպաստել նրանց մասնակցությանն այդ խնդրին»,-հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:

Ինչպես ասվում է մամլո հաղորդագրության մեջ, հայտնի չէ, թե հատկապես որ օբյեկտները կնկարահանվեն, սակայն դրանք այդ թվում գտնվում են նաեւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում, Բրազիլիայում, Կանադայում, Մեքսիկայում եւ Նիդերլանդներում: