7 դեկտեմբերի 2009 - 13:26 AMT
Ախուրյանի շաքարի գործարանը շահագործման կհանձնվի 2010 թվականի մայիսին
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ախուրյանի շաքարի գործարան, որտեղ ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին: Ինչպես ասել է գործարանի գլխավոր տնօրեն Էդիկ Սարգսյանը, գործարանը նախատեսվում է շահագործման հանձնել 2010 թվականի մայիսին:

Ըստ գլխավոր տնօրենի, առաջին ամիսների ընթացքում գործարանը կօգտագործի ԱՄՆ-ից ներկրվող հումքը, իսկ արդեն աշնանը` կանցնի տեղական հումքի: Էդիկ Սարգսյանը հավաստիացրեց, որ Ախուրյանի գործարանում արտադրվելիք շաքարի որակը լիովին կհամապատասխանի միջազգային չափանիշներին:

Էդիկ Սարգսյանը հավելել է նաեւ, որ եթե գործարանն աշխատի ամբողջ հզորությամբ, ապա տարեկան կկարողանա արտադրել շուրջ 220 հազար տոննա սիպտակ շաքար: Ընդ որում, նա հաղորդել է, որ հայկական շուկայի ներքին պահանջարկը շուրջ 90 հազար տոննա է: Ախուրյանի շաքարի գործարանի արտադրած շաքարը կարտահանվի Վրաստան, Ռուսաստան, ինչպես նաեւ Հնդկաստան:

Իր հերթին ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը հայտարարել է, որ գործարանում կաշխատի շուրջ 1000 մարդ, իսկ տարածաշրջանային մակարդակով ձեռնարկությունը թույլ կտա շուրջ 20 հազար մարդու ապահովել աշխատանքով: