ՀՀ նախագահը գնահատում է ԱՄԷ հավասարակշռված վերաբերմունքը տարածաշրջանային խնդիրների նկատմամբ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը:



Ողջունելով բարձրաստիճան հյուրերին` նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրանց այցը, ինչպես նաեւ վերջին ժամանակաշրջանում ակտիվացած բարձր մակարդակի այցելությունները դրական դերակատարություն կունենան Հայաստանի ու Էմիրությունների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում: Գոհունակությամբ նշելով երկու երկրների դինամիկ զարգացող փոխգործակցությունը` Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է առավել ամրապնդել ու խորացնել կապերը Ծոցի երկրների հետ: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Արաբական Միացյալ Էմիրությունների զուսպ եւ հավասարակշիռ վերաբերմունքը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ:



ԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նախագահ Սարգսյանին հաղորդել է ԱՄԷ նախագահի եւ փոխնախագահի ջերմ ողջույնները ու բարեմաղթանքը: Ընդգծելով քաղաքական ու տնտեսական ոլորտում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու ԱՄԷ շահագրգռությունը` Անվար Գարգաշն իր հայաստանյան այցը եւ այստեղ ունեցած քննարկումները գնահատել է հաջողված:



Հիշելով, որ այսօր 1988թ. ավերիչ երկրաշարժի տարելիցի օրն է, պետնախարարն ասել է, որ իրենք երբեք չեն մոռանա այդ ողբերգական օրը, եւ իրենց կարեկցանքն են հայտնում հայ ժողովրդին:



Ծավալված զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել բազմաբնույթ փոխգործակցության, համատեղ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետ կապված հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---