19 փետրվարի 2002 - 22:40 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ 20 ՄԵԳԱՎԱՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՀՈՂՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ
Երկու եվրոպական ընկերություններ հայտարարել են Հայաստանի Զոդի լեռնանցքի շրջանում 15-20 մեգավատ հզորությամբ հողմային էլեկտրակայանի շինարարությանը մասնակցելու պատրաստակամության մասին: Էլեկտրակայանի շինարարության նախաձեռնողն է հայ-ամերիկյան «Սոլառեն» ընկերությունը: «Արմինֆո» գործակալության տվյալներով, սույն թվի մարտին նախատեսվում է համաձայնագրի կնքումը` նախագծին այդ ֆիրմաների մասնակցության վերաբերյալ: Դեռեւս հայտնի չէ, թե հատկապես որ ֆիրմաների մասին է խոսքը: Ներկայումս անցկացվել է էլեկտրակայանի նախնական նախագծային ուսումնասիրությունը, կառավարության որոշումով հատկացված 200 հեկտար հողամասի տարածքում, Զոդի շրջանում: Ուսումնասիրությունների համաձայն, բնական պայմանները թույլ են տալիս կառուցել 20 մեգավատ հզորությամբ էլեկտրակայան, ինչի համար կպահանջվեն 20 միլիոն դոլարը գերազանցող ներդրումներ: Բացառված չէ, որ ֆինանսավորման մի մասը իրենց վրա կվերցնեն միջազգային ֆինանսական կառույցները:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: