9 դեկտեմբերի 2009 - 16:50 AMT
Երեւանի քաղաքապետարանը մտադիր է վերականգնել ջրատար խողովակային ցանցը բարձրահարկ շենքերի նկուղներում
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Բանկի ֆինանսավորմամբ իրականացվում են ջրային ոլորտի ծրագրեր, որոնց վերահսկողությանն առնչվող հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում:

Երեւանի քաղաքապետը նշել է, որ հատկացված վարկի միայն 52%-ն է ծախսվել, հետեւաբար ծրագրի շարունակության համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ: Ջրի կորուստը նվազեցնելու համար Գագիկ Բեգլարյանը կարեւոր է համարել նաեւ բազմաբնակարան շենքերի նկուղների խողովակային ցանցի վերականգնումը եւ նշել, որ այդ եւ նմանատիպ այլ խնդիրներ լուծելու նպատակով անհրաժեշտ են վարկային հավելյալ միջոցներ: ՀԲ պատվիրակներն արձագանքել են աջակցության պատրաստակամությամբ:

Երեւանի քաղաքապետի եւ ՀԲ պատվիրակների հանդիպումները կլինեն պարբերաբար` ջրային ոլորտի ծրագրերի իրականացման ընթացքը երկկողմ եւ շարունակական վերահսկելու նպատակով, հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: