10 դեկտեմբերի 2009 - 19:51 AMT
Երեւանը մտադիր է վերականգնել նախկին սերտ հարաբերությունները Ռիգայի հետ
Դեկտեմբերի 10-ին Հայաստան կատարած այցի շրջանակներում Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը հանդիպեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ:

Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը նշեց, որ հայ-լատվիական հարաբերություններում կապերի զարգացումը երկու մայրաքաղաքների` Երեւանի ու Ռիգայի միջեւ մեծ դեր է խաղում: Նրա խոսքով, Երեւանը ցանկանում է Ռիգայի հետ գործընկերական հարաբերություններ ստեղծել եւ վերականգնել նախկին սերտ համագործակցությունը:

Ընդգծելով, որ մայիսի 31-ին կայացած քաղաքապետի ու Ավագանու խորհրդի ընտրություններից հետո Երեւանը նոր կարգավիճակ ձեռք բերեց եւ կառավարման նորագույն մեթոդների ներմուծման առաջին քայլերն է կատարում, Գագիկ Բեգլարյանը կարեւոր համարեց փորձի փոխանակությունը, քանի որ Լատվիայի մայրաքաղաքը կառավարման հարուստ փորձ ունի:

Վալդիս Զատլերսն ու Գագիկ Բեգլարյանն այցելեցին Երեւան քաղաքի պատմության թանգարան, որը քաղաքապետարանի հարեւանությամբ է գտնվում:

Լատվիայի նախագահն ու իր տիկինը հանդիպման ավարտին գրի առան իրենց տպավորությունները թանգարանի հուշամատյանում: