11 դեկտեմբերի 2009 - 16:14 AMT
Հանս Գունար Ադեն. «Արեւելյան գործընկերությունը» հեռուն գնացող նպատակներ է հետապնդում
Եվրամիությունն արդեն 175 մլն եվրո է տրամադրել «Արեւելյան գործընկերության» մասնակից երկրներին ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման համար 6 հետխորհրդային երկրներում: Այդ մասին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված էր ԵՄ-ում շվեդական նախագահությանը, հայտարարել է Հարավային Կովկասի երկրներում Շվեդիայի դեսպան Հանս Գունար Ադենը:

Ինչպես նշել է շվեդացի դիվանագետը, Եվրամիությունում նախագահող Շվեդիան մտադիր է խորացնել եւ ընդլայնել արեւելյան երկրների հետ հարեւանության քաղաքականությունը, քանի որ դա կարեւոր դեր է կատարում ԵՄ անվտանգության եւ կայունության տեսակետից: «Արեւելյան գործընկերությունը» հետապնդում է հեռուն գնացող նպատակներ: Մենք կարեւորում ենք ինչպես այդ վեց երկրների համագործակցությունը ԵՄ երկրների հետ, այնպես էլ նրանց համագործակցությունը միմյանց հետ»,-ասել է Հանս Գունար Ադենը:

Նա հիշեցրել է, որ «Արեւելյան գործընկերությունն» առաջարկում է համագործակցության 4 պլատֆորմ, որի շրջանակներում արդեն 2 հանդիպում է տեղի ունեցել: «Առաջինը ժողովրդավարության եւ լավ պետական կառավարման պլատֆորմն է, երկրորդը` տնտեսական ինտեգրման, երրորդը` էներգետիկ անվտանգության եւ չորրորդը` մարդկանց եւ այդ երկրների քաղաքացիական հասարակությունների միջեւ շփումներ ապահովող պլատֆորմը»,-ասել է Շվեդիայի դեսպանը:

Նա հայտարարել է, որ «Արեւելյան գործընկերությունն» հակամարտությունների կարգավորման պատրաստի դեղատոմսեր կան ֆինանսական ճգնաժամի հետեւանքների վերացման պատրաստի դեղատոմսեր չի առաջարկում»,-ասել է Շվեդիայի դեսպանը:

2009 թվականի մայիսի 7-ին Պրահայում տեղի ունեցավ ԵՄ նոր քաղաքականության «Արեւելյան գործընկերության» սահմանադիր գագաթնաժողովը, որն ուղղված է 6 հետխորհրդային երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ համգործակցության ընդկայնմանը: