Արթուր Բաղդասարյան. Հայաստանի վարկանիշը որակական նոր մակարդակի է բարձրացել

PanARMENIAN.Net - «Հայաստանի քաղաքական դաշտում «Օրինաց Երկիրն» իր որոշակի ամուր տեղն ունի եւ միշտ հանդես է գալիս նոր գաղափարներով»,- դեկտեմբերի 12-ին «Օրինաց Երկիր» կուսակցության 9-րդ համագումարում հայտնեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:



Բաղդասարյանն ընդգծեց, որ «Օրինաց Երկիրը» միշտ պայքարելու է այն բարեփոխումների համար, որոնց սպասում է հայ հասարակությունը: «Մենք հետեւողական ենք լինելու մեր տված նախընտրական խոստումների կատարման գործում: Մենք գտնում ենք, որ բարեփոխումները մեր երկրի համար առաջնահերթ են, եւ եթե ցանկանում ենք փոխել մեր հասարակությունը, պետք է մեզնից սկսենք»,- նշեց նա:



Արթուր Բաղդասարյանը նկատեց նաեւ, որ այժմ Հայաստանի վարկանիշը նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ որակական նոր մակարդակի է բարձրացել:



Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին` Բաղդասարյանը նշեց, որ «Օրինաց Երկիր» կուսակցությունը կարեւոր նշանակություն է տալիս հարեւան երկրների հետ ՀՀ հարաբերությունների կարգավորմանը: «Եւ այդ ենթատեքստում մենք ամբողջությամբ օժանդակում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը: Հայ-թուրքական մերձեցման գործում մենք պետք է ազատվենք վախի բարդույթից, քանի որ մենք հաղթող ժողովուրդ ենք, ինչը եւ ապացուցել ենք արցախյան պատերազմում»,- ընդգծեց «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահը:



Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսական դրությանը, Բաղդասարյանը նշեց, որ չնայած ներկայիս անկմանը, 2010-ին ՀՀ տնտեսությունը կկայունանա: «Այդ գործում իրենց դրական ազդեցությունը կունենան այնպիսի մեծ տնտեսական ծրագրեր, ինչպիսիք են Իրան-Հայաստան երկաթուղու, Իրան-Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի ու ատոմային էլեկտրակայանի նոր բլոկի կառուցումը»,- պարզաբանեց Բաղդասարյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---