14 դեկտեմբերի 2009 - 15:36 AMT
Վրաստանի իշխանությունները փոխում են Ջավախքի ավանդական տեղական անվանումները
Վերջերս Ջավախքում տեղի են ունենում ավանդական տեղական անվանումների լուրջ փոփոխություններ: Ամբողջովին փոխվում են սարերի, գետերի եւ այլ աշխարհագրական անվանումները, օրինակ Տավշանքա սարը հիմա կոչվում է Ամիրանիս: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: Նրա խոսքերով, ավանդական տեղական անվանումների փոփոխության այլ ձեւ է անվանումների մասնակի խմբագրումը, այսինքն անվանումներին ավելացվում է «ի» վերջավորությունը, օրինակ, Փարվանա գետը հիմա կոչվում է «Փարվանի»:

«Նույնիսկ «մեծ» կամ «փոքր» ածականի մասնիկը ներկայացվում է թարգմանաբար: Օրինակի համար, Փոքր Սամսարը հիմա կոչվում է Դիդի Սամսարի», - ասել է Սարգսյանը:

Ընդ որում նա նշել է, որ դրանով վրաց իշխանությունները խախտում են Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային Կոնվենցիան, որը Վրաստանի խորհրդարանը վավերացրել է 2005 թ-ն: Համաձայն Կոնվենցիային ազգային փոքրամասնությունների ավանդական բնակեցման վայրերում անհրաժեշտ է ապահովել ավանդական տեղական անվանումների կիրառումը:

«Կոնվենցիայի վերաբերյալ վրաց իշխանությունները ընդունել են բանաձեւ, համաձայն որի ավանդական տեղական անվանումների եւ ճանապարհային ցուցանակների կիրառումը կարգավորվում է ներքին օրենսդրությամբ, եւ աննպատակահարմար է համարվում տվյալ հարցով այլ միջազգային պայմանագրերի ստորագրումը», - նշել է Սարգսյանը, եւ ընդգծել, Ջավախքի հայերը ավանդական տեղական անվանումները ընկալում են որպես հայկական եւ ոչ մի կերպ չեն ընդունում կատարված փոփոխությունները: