14 դեկտեմբերի 2009 - 16:29 AMT
Դեկտեմբերի 22-ին տեղի կունենա Գոհար Գասպարյանի ծննդյան 85-ամյակին նվիրված համերգ
Դեկտեմբերի 14-ին լրանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի ծննդյան 85-ամյակը: Անվանակոչության առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ կազմակերպել է համերգ:

Դեկտեմբերի 14-ին տեղի ունենալիք համերգին պետք է մասնակցեին մեծ երգչուհու լավագույն աշակերտները` Դավիթ Բաբայանցը, Նարինե Եղյանը, Սոֆյա Սայադյանը, Հովհաննես Այվազյանը եւ այլք: Սակայն մի քանի մեներգիչների առողջական վիճակի պատճառով համերգը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 22-ը:

Գոհար Գասպարյան - հայ նշանավոր երգչուհի (սոպրանո), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, Երեւանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի պրոֆեսոր: Ծնվել է 1924 թ. Կահիրեում, այնտեղ էլ ավարտել է կոնսերվատորիան: 1948 թ. տեղափոխվել է Հայաստան:

Երգել է Երեւանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում, 1946 թ. ստացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակ: Եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 7-րդ եւ 8-րդ գումարման պատգամավոր:

1949 թ.-ից երգել է 23 օպերաներում գլխավոր դերերգեր: Երգչուհու երգացանկում տեղ էին գտել ռուս, ֆրանսիացի, գերմանացի, իտալացի կոմպոզիտորների մոտ 500 ստեղծագործություններ: Գոհար Գասպարյանը մահացել է 2007 թ. մայիսի 16-ին, 83 տարեկան հասակում: