14 դեկտեմբերի 2009 - 17:26 AMT
Հայաստանում ԱՄՆ դեսպանն արժանացել է «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» մրցանակին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից արժանացել է «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների 2009»մրցանակին: Ինչպես հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը, «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների»ամենամյա մրցանակը շնորհվում է ԱՄՆ այն դեսպանին, ով իր նշանակման երկրում բացառիկ նվիրում է ցուցաբերում մարդու իրավունքների պաշտպանության եւ կառավարման ժողովրդավարական սկզբունքների առաջ մղման հարցում: Այս մրցանակի շնորհման մասին հայտարարությունը կատարվել է ԱՄՆ կառավարության կողմից դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Մրցանակը դեսպան Յովանովիչին կհանձնվի եկող տարվա սկզբին:

«Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս մրցանակին, սակայն այդ մրցանակին իրավամբ արժանի են Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներ իրականացնողները` լինեն կառավարությունից, քաղաքացիական հասարակությունից, թե լրատվամիջոցներից»,- ասել է ամերիկացի դիվանագետը: Նա նշել է նաեւ, որ 18 տարիների ընթացքում Հայաստանը առաջընթաց շատ է ունեցել, սակայն մարդու իրավունքների ոլորտում դեռ շատ անելիք կա: