Հետաքննությունը հաստատեց հօգուտ Ադրբեջանի լրտեսության համար ՀՀ քաղաքացուն ներկայացված մեղադրական եզրակացությունը

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչությունում ավարտվել է լրտեսության ձեւով պետական դավաճանության, ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:



Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ նախկին աշխատակից Գ. Հայրապետյանը 2009 թվականի ապրիլին հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից եւ, ստացած առաջադրանքի հիման վրա, հավաքել եւ նրանց փոխանցել գաղտնի տեղեկություններ ՀՀ զինված ուժերի մարտունակության եւ պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաեւ որոշակի նյութեր` հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով:



Ադրբեջանական հատուկ ծառայություններից վերջին հանձնարարությունը Գ.Հայրապետյանը ստացել է 2009 թվականի սեպտեմբերի 1-ին` Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ ազերի Բ. Բաղերիից, իսկ որպես հանդիպման նշանաբան ծառայել է Գ.Հայրապետյանին ծանոթ` Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցի լուսանկարը: Գ.Հայրապետյանը Բ.Բաղերիին հյուրընկալել է իր տանը եւ, ծրարով ստանալով հերթական առաջադրանքը, նրան հանձնել նյութեր, որոնք կարող էին օգտագործվել հակահայկական քարոզչություն ծավալելու համար, ինչը հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Մեղրիի «Կարչեւան» սահմանային անցակետում կատարված ստուգման ժամանակ` Բաղերիի պայուսակի ստորին մասի տակդիրում հարմարեցված գաղտնարանից:



Բացի այդ` Գ.Հայրապետյանի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է հրազեն եւ ռազմամթերք: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` ՀՀ քաղաքացի Գ.Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսության ձեւով պետական դավաճանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերել ու պահել), իսկԻԻՀ քաղաքացի Բ. Բաղերիին` ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով (լրտեսություն, որը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կողմից):

Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---