16 դեկտեմբերի 2009 - 15:42 AMT
Մոսկվայում ծանր չեն տանում ՆԱՏՕ-ի հետ տարաձայնությունները
Մոսկվայում ծանր չեն տանում ՆԱՏՕ-ի հետ տարաձայնությունները, այլ հակառակը` նպատակ ունեն դեռ չլուծված հարցերը լուծելու եւ հույս ունեն համապատասխան քայլեր տեսնել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենի հետ բանակցությունների ժամանակ:

«Ուզում եմ նշել ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի երկկողմանի շահագրգռությունը` մեր հարաբերությունների կարգավորման եւ ՆԱՏՕ- Ռուսաստան միության նոր որակի հարաբերությունների հարցում», - ասաց նախարարը: Սերգեյ Լավրովն արձանագրեց, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում «դեռեւս պահպանվում են հարցեր, որոնց առնչությամբ մեր դիրքորոշումները տարբերվում են»:

«Մենք ծանր չենք տանում այս իրավիճակը, բայց այդ հարցերը պետք է լուծենք: Ընդ որում, ուզում ենք դեռ չլուծված հարցերը համակարգորեն լուծել: Դրա համար անհրաժեշտ է մեկ պարզ քայլ կատարել` ապահովել այն սկզբունքների կատարումը, որոնց հիման վրա ստեղծվել է Ռուսաստան - ՆԱՏՕ միությունը», - նշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Անդրես Ֆոգ Ռասմուսենն, իր հերթին, նշել է, որ իր այցը Մոսկվա կհաստատի ՆԱՏՕ-ի շահագրգռությունը Ռուսաստանի հետ իրական գործընկերային հարաբերություններ ստեղծելու հարցում: «Մենք տարբեր բնագավառներում տարաձայնություններ կարող ենք ունենալ, բայց համարձակորեն կարող եմ ասել, որ դրանք չպետք է իշխեն մեր ընդհանուր հետաքրքրությունների վրա: Մեր նպատակն է` հաջողությամբ զարգացնել գործնական համագործակցություն այն ուղղություններով, որտեղ մեր առջեւ կկանգնեն ընդհանուր մարտահրավերներ եւ սպառնալիքներ», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ռասմուսենի կարծիքով, «այս աշունը Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների նոր փուլ է բացել», - հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: