Սամվել Խաչատրյան. 2010 թվականը լարված ու ծանր տարի է լինելու հայ ծանրորդների համար

PanARMENIAN.Net - 2009 թվականին հայ ծանրորդները բոլոր տարիքային խմբերում 69 մեդալ են նվաճել: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գոհ է անցած տարվա արդյունքներից: «Մեր մարզիկների ելույթները ես գերազանց եմ համարում: 2009թ. հայ մարզիկների նվաճած 135 մեդալից 69-ը ծանրորդներն են ստացել»,-ասել է Խաչատրյանը:



ՀՀ լավագույն մարզիկների տասնյակում են 4 ծանրորդներ` տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, երկրորդ տեղում է Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի արծաթե մրցանակակիր Առաքել Միրզոյանը, 4-րդ տեղում է աշխարհի արծաթե մրցանակակիր Տիգրան Գ.Մարտիրոսյանը եւ 6-րդն են Եվրոպայի եւ աշխարհի բրոնզե մրցանակակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:



2010թ. հայ ծանրորդները կմասնակցեն 8 միջազգային մրցաշարի` ապրիլի 2-ին Մինսկում կսկսվի Եվրոպայի առաջնությունը, մայիսին` Եվրոպայի պատանիների առաջնությունը Վալենսիայում, իսկ հունիսին` երիտասարդների աշխարհի առաջնությունը Սոֆիայում: Հունիսի ավարտին-հուլիսի սկզբին տեղի կունենա աշխարհի ուսանողական առաջնությունը: Հոկտեմբերին կմեկնարկի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը Լիմասոլում:



Ըստ Խաչատրյանի, 2010 թվականը լարված ու ծանր տարի է լինելու հայ ծանրորդների համար: «Մեծահասակների աշխարհի առաջնությունը կանցնի Անթալիայում եւ վարկանիշային կլինի: Հայաստանը կներկայացնեն 7 աղջիկ-ծանրորդներ եւ 8 ծանրորդներ: Ես եւ ողջ Հայաստանը երջանիկ կլինենք, եթե Թուրքիայում հնչի Հայաստանի օրհներգը»,-ասել է ֆեդերացիայի նախագահը:



Օգոստոսի 14-ին Սինգապուրում մեկնարկում են օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը 2 ծանրորդներ կներկայացնեն: «Մենք նպատակ ենք դրել առանց մեդալի չվերադառնալ Սինգապուրից»»-ասել է Խաչատրյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---