17 դեկտեմբերի 2009 - 16:17 AMT
Կասեցվել է Սուրբ Խաչ եկեղեցում ազգագրական թանգարանի բաժին ստեղծելու մասին որոշումը
«Սուրբ Խաչ վանական համալիրը այսուհետ եւս կգործի որպես հայկական եկեղեցի», - լրագրողներին է հայտարարել Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն Ռադայի ներկայացուցիչ Անատոլի Գրիցենկոն: «Մենք մեր առաջ չենք դրել փակել Սուրբ Խաչ եկեղեցին: Այն ինչ հայտարարվել էր մամուլում վերաբերվում էր հենց ազգագրական թանգարանի բաժնին», - ասել է նա: Գրիցենկոն նշել է, որ այդ որոշումը ընդունվել էր, որպեսզի եկեղեցին կարգի բերվեր: «Եկեղեցու տարածքում տարբեր ձեռնարկատերեր կազմակերպում էին վաճառք, միջոցառումներ, ինչը բոլորովին անհամատեղելի է ազգային հուշարձանի կարգավիճակի հետ: Մեր խնդիրն էր կարգավորել հուշարձանի այցելությունները, որպեսի այն գործող եկեղեցի լիներ», - պարզաբանել է նա:

Ընդ որում, նա հաղորդել է, որ կասեցվել է Սուրբ Խաչ եկեղեցում ազգագրական թանգարանի բաժին ստեղծելու մասին որոշումը: «Այդ հարցի շուրջ ես երկու անգամ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հեռախոսազրույց եմ ունեցել: Մենք պայմանավորվեցինք, որ կանդրադառնանք այդ հարցին մեկ ամիս հետո, որպեսզի եւս մեկ անգամ գնահատենք իրավիճակը եւ վերջնական որոշում կայացնենք այն մասին, թե ինչպես համատեղ ջանքերով կարգ ու կանոն հաստատենք այնեղ», - ասել է Գրիցենկոն, եւ ավելացրել, որ անկախ բանակցությունների ելքին, վանական համալիրը կպահպանի իր կրոնական կարգավիճակը: «Այն գործող կլինի, որպես հայկական եկեղեցի», - հավաստիացրել է նա, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Նշենք, որ նոյեմբերի 27-ն Կիրովի շրջան Անատոլի Գրիցենկոյի գործնական ուղեւորության ընթացքում, նա հայտնել էր, որ Սուրբ Խաչ հայկական եկեղեցին կդառնա ազգագրական թանգարանի բաժին: Դրա պատճառներից մեկն` վանական համալիրում միաբանների բացակայությունն է: Օրերս Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշմամբ վանքի վանահայր եւՀայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի Ղրիմի փոխերեց է նշանակվե Հայրիկ Հովհաննիսյանը: