17 դեկտեմբերի 2009 - 16:19 AMT
Լյուդմիլա Սարգսյանը Սեդրակ Աճեմյանին մեղադրում է իշխանությունների հետ համագործակցության գործում
«Անկախ այն բանից, թե ինչպիսի որոշում ընդունեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության արտակարգ համագումարը, ես մնում եմ այդ կուսակցության ղեկավարը, քանի որ համագումարն անօրինական է եղել եւ հակասում է կուսակցության կանոնակարգին»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով, կուսակցության համագումարի գումարումն ի սկզբանե անօրինական է եղել, եւ դրա մեղավորը կուսակցության Համահնչակյան վարչության ղեկավար Սեդրակ Աճեմյանն ու Համահնչակյան վարչության անդամ Վահան Շիրխանյանն են: Նա Աճեմյանին մեղադրեց կուսակցության պառակտման համար ու նշեց, որ վարչության նախագահը համագործակցում է իշխանությունների հետ եւ այդ քայլով ցանկանում է Հնչակյան կուսակցությունը դուրս բերել Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ):

«Դա Հայաստանի ղեկավարության ծրագիրն է, որը մտադիր է նոր «գրպանային» ընդդիմության, ներառյալ ՀՅ Դաշնակցություն ու Ռամկավար Ազատական կուսակցությունները, ստեղծմամբ թուլացնել Հայ ազգային կոնգրեսին»,- նկատեց Սարգսյանը:

Նա հաղորդեց նաեւ, որ ՀԱԿ-ից Հնչակյան կուսակցության ելքի մասին Աճեմյանն իրեն ակնարկեց նախքան սեպտեմբերի 26-ին կայացած 19-րդ համակուսակցական համագումարը, սակայն վարչության անդամների մեծամասնության ջանքերի շոնրհիվ այդ հարցը չներառվեց համագումարի օրակարգում: