Դավիթ Ջադսոն. «Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցին պետք է գործող դառնա»

PanARMENIAN.Net - Աղթամար կղզում գտնվող Սբ Խաչ եկեղեցու վրա պետք է տեղադրվի խաչը եւ այդ եկեղեցին պետք է դառնա գործող: Այս մասին Երեւանում հայտարարել է Hurriyet Daily News թերթի գլխավոր խմբագիր Դավիթ Ջադսոնը, նշելով, որ դա իր անձնական կարծիքն է:



«Թուրքիայի մշակույթի նախարարը ներկայում զբաղվում է այդ հարցով եւ ցանկանում է Թուրքիայի օրենքին համապատասխան որոշում ընդունել` այդ հիմնախնդիրը լուծելու համար: Բայց իմ կարծիքով, այդտեղ հակաօրինական ոչինչ չկա», - ասել է թերթի գլխ. խմբագիրը: Նա նաեւ ընդգծել է, որ Վանի նահանգում նկատելի են ազգայնական միտումներ, եւ հենց այդ փաստն էլ դժվարացնում է եկեղեցու խաչի տեղադրման հարցը:



Այնուամենայնիվ, Դավիթ Ջադսոնը մեկ անգամ եւս ընդգծեց, որ Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուգրուլ Գյունայը վճռական է այն հարցում, որ Սբ Խաչ եկեղեցին դառնա գործող: «Այդ խնդիրը մշակույթի նախարարի առաջնային նպատակներից է», - ընդգծել է թերթի խմբագիրը:



2007 թ. մարտին Աղթամար կղզում տեղի ունեցավ վերականգնված Սբ Խաչ եկեղեցու բացումը: Բացման արարողությանը թուրքական կողմից ներկա էին ` մշակույթի եւ զբոսաշրջության նախկին նախարար Աթիլլա Քոչը, խորհրդարանի պատգամավորներ, Թուրքիայի պատմական հուշարձանների պահպանման վարչության ղեկավարը, դիվանագետներ: Աթիլլա Քոչը հայտարարել էր, որ եկեղեցու խաչի տեղադրումն այնքան էլ բարդ բան չէ, եւ մոտ ապագայում այն կտեղադրվի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---