18 դեկտեմբերի 2009 - 18:28 AMT
Ֆիլիպ Գորդոն. Թուրքիան երես չի թեքում ՆԱՏՕ-ից
Սխալ է ենթադրել, թե Թուրքիան երես է թեքել ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներից: Այդ մասին հայտնեց Եվրոպայի ու Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը` ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Խոսելով Անկարայի արտաքին քաղաքականության մասին` բարձրաստիճան ամերիկացի դիվանագետը նշեց, որ Թուրքիան պարզապես ակտիվ դեր է խաղում տարածաշրջանում:

Նրա խոսքով, Անկարայի ու Վաշինգտոնի դիրքերը որոշ հարցերում կարող են եւ բաժանվել: «Սխալ է կարծել, թե Անկարան երես կթեքի ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ բազմամյա համագործակցությունից»,- ասաց Ֆիլիպ Գորդոնը` ընդգծելով, որ Վաշինգտոնում կայացած Օբամա-Էրդողան հանդիպումն այդ մասին է վկայում:

Ամերիկացի դիվանագետն ընդգծեց նաեւ, որ Թուրքիան չի կարող հեռանալ ԵՄ-ից, քանի որ Անկարայի Եվրամիություն մտնելու գործընթացը շարունակվում է: «Թուրքիան շարունակում է մեր ազնիվ գործընկերը մնալ: Նա մեզ հետ համագործակցում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ հարթության վրա»,- ընդգծեց Գորդոնը, գրում է թուրքական Today's Zaman թերթը: