18 դեկտեմբերի 2009 - 19:36 AMT
Հանս Յոխեն Շմիդտ. Արձանագրությունները պետք է վավերացվեն փետրվարից ոչ ուշ
Ես հուսով եմ, որ հայ-թուրքական Արձանագրությունները ժամանակին կվավերացվեն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտը: «Ինչպես ես նախկինում հայտարարել եմ, Արձանագրությունները հնարավորության պատուհան են: Հայկական կողմն արդեն բազմիցս ասել է, որ Արձանագրությունները պետք է վավերացվեն փետրվարից ոչ ուշ: Ես կիսում եմ այդ դիրքորոշումը»,- նշեց Շմիդտը: Ընդ որում, նա չբացառեց, որ Արձանագրությունների վավերացումը կարող է ազդել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Նրա խոսքով, դա Թուրքիային հնարավորություն կտա նաեւ ուժեղացնելու իր դերը Հարավային Կովկասում: «Այնպես որ կարելի է ասել, որ Թուրքիան շահագրգռված է այդ գործընթացով: Դրանով Անկարան ցույց կտա, որ հավասարակշռված քաղաքականություն ունի Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց դեսպանը:

Ընդ որում, նա հրաժարվեց մեկնաբանել թուրքական կողմի հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացը կօգնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` ասելով, որ բոլոր կողմերը շահագրգռված են հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: «Ես հուսով եմ, որ Թուրքիայի կողմից Արձանագրությունների վավերացումը կվկայի այն մասին, որ նրանք ցանկանում են դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա»,- ընդգծեց Հանս Յոխեն Շմիդտը: