21 դեկտեմբերի 2009 - 14:02 AMT
Դավիթ Նալբանդյանը հաղթել է Copa Argentina-ի եզրափակչում
Կիպրոսցի Մարկոս Բաղդատիսն ու արգենտինացի Դավիթ Նալբանդյանը հանդիպեցին Copa Argentina թենիսի մրցաշարի եզրափակչում, եւ Նալբանդյանը հաղթել է 6:4, 6:4 հաշվով: Մրցաշարը տեղի է ունեցել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում:

Դավիթ Նալբանդյանը կարողացավ դուրս գալ եզրափակիչ, չնայած իր հայրենակից Գաստոն Գաուդիոյից խմբային փուլի վերջին խաղում կրած պարտությանը` 3:6,7:5,4:6 հաշվով:

Նալբանդյանը, Գաուդիոն եւ իսպանացի Կարլոս Մոյան, որոնք խաղում էին 1-ին խմբում, մեկական հաղթանակ տարան եւ մեկական պարտություն կրեցին, սակայն Նալբանդյանը հաղթած եւ տանուլ տված սեթերի ավելի լավ տարբերություն էր գրանցել:

Եզրափակչի երկրորդ մասնակից Բաղդատիսը հաղթեց մրցաշարի անցյալ տարվա հաղթողին, նույնպես Արգենտինայի ներկայացուցիչ Խուան Մոնակոյին`7:6,7:5 հաշվով:

Հիշեցնենք, որ սա Նալբանդյանի երկրորդ հաղթանակն է վնասված ազդրի վրա տարած վիրահատությունից հետո, ինչի պատճառով նա շուրջ 8 ամիս ելույթ չէր ունենում: