21 դեկտեմբերի 2009 - 16:43 AMT
Երեւանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական մոդելի պատանդն է դարձել
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ղեկավարությունն անթույլատրելի սխալներ է թույլ տվել: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Թուրքիայի առաջարկած մոդելի պատանդն է դարձել»,- ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

Վահան Հովհաննիսյանի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրումից հետո թուրքական ղեկավարությունը խստացրեց իր դիրքերը Հայաստանի հետ երկխոսության մեջ: «Անկարային հաջողվեց Արձանագրությունների մեջ 2 նախապայման ներմուծել, այժմ նա ամեն կերպ փորձում է հասնել երրորդ նախապայմանի կատարմանը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Այստեղ հակասություններ են առաջանում, որոնք բացում են հայկական կողմի աչքերը, ու Երեւանը որոշակի կերպով խստացնում է իր դիրքորոշումը բանակցություններում»,- հայտնեց պատգամավորը:

Ինչպես գտնում է Վահան Հովհաննիսյանը, այդ ամենն ազդանշան է, որպեսզի ՀՀ Սահմանադրական դատարանն ու Ազգային Ժողովն ամեն կերպ հավատարիմ մնան Հայաստանի ազգային իրավունքների պաշտպանությանը: «Եթե Արձանագրություններն այդ տեսքով վավերացվեն, դրանից կշահի միայն Թուրքիան»,- ամփոփեց խորհրդարանականը: