22 դեկտեմբերի 2009 - 17:51 AMT
2009-ին «Ժառանգությունը» կարողացավ կայունություն պահպանել
2009-ին «Ժառանգություն» կուսակցությունը հավատարիմ մնաց իր սկզբունքներին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, չնայած որոշ բարդություններին, կուսակցությունը կարողացավ կայունություն պահպանել:

«Կարեւորը` մենք կարողացանք հավատարիմ մնալ այն դիրքորոշմանը, որի մասին բազմիցս հայտարարել ենք»,- նշեց Ալավերդյանը: Այդ ենթատեքստում նա առանձնապես նշեց Ղարաբաղի միջազգային ճանաչմանն ուղղված կուսակցության գործունեությունը: «Իհարկե, այդ հարցում մենք առանձնակի հաջողություններ չարձանագրեցինք, բայց ինքը գործընթացն ու պայքարը հանուն դրա արդեն հաջողություն է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ալավերդյանն ընդգծեց, որ կուսակցության համար առաջնային հարցերից մեկը տնտեսական քաղաքականությունն է: Նա հիշեցրեց, որ ժամանակին կուսակցությունը քննադատեց 2009թ. բյուջեն եւ, ցավոք, կանխատեսումներն իրականություն դարձան: Նրա խոսքով, «Ժառանգությունը» միակ ընդդիմական կուսակցությունն էր այն ժամանակ, որը զգուշացրեց, որ 2009թ. լավատեսական բյուջեն դժվար կլինի իրականացնել:

«Կուսակցության ամենաուժեղ կողմերից մեկն աշխատանքն է բնակչության հետ»,- նշեց Ալավերդյանը: Ընդ որում, նա ընդգծեց, որ կուսակցությունը հանդիպումներ է կազմակերպել ավելի քան 4 հազար մարդկանց հետո, որոնք ծանր սոցիալական դրության մեջ էին գտնվում: