ՀՀ ոստիկանության վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում թրաֆիկինգի զոհերի թիվը կրճատվել է

PanARMENIAN.Net - «Հայաստանի ոստիկանության տրամադրած վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում թրաֆիկինգի զոհերի թիվը կրճատվել է: Սակայն ֆինանսական ճգնաժամի պայմաններում թրաֆիկինգի վտանգը մեծանում է, քանի որ Հայաստանը այնպիսի մի երկիր է, որտեղից մարդիկ մեկնում են աշխատանք փնտրելու», - դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրանյութերի դեմ պայքարի եւ իրավական համագործակցության բաժնի պետ Ջոն Մահերը:



Նրա խոսքերի համաձայն, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը միջոցներ է ձեռնարկում թրաֆիկինգի հնարավոր եւ իրական զոհերին պաշտպանելու եւ աջակցելու ուղղությամբ` ֆինանսավորելով «Հույս եւ հավատ» հասարակական կազմակերպությունը եւ թրաֆիկինգի զոհերին նկատելու եւ ճանաչելու ուղղությամբ Հայաստանի սահմանապահներին վերապատրաստելով ու դասընթացներ անցկացնելով: Ջոն Մահերը հիշեցրեց, որ դեսպանատունը Հայաստանի ոստիկանության թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնին տրամադրել է ավտոմեքենաներ եւ համակարգչային տեխնիկա` 75 հազ. դոլար ընդհանուր արժողությամբ:



«Մենք տեսնում ենք մեր գործունեության արդյունքը, քանի որ Հայաստանում ավելացել է թրաֆիկինգի գործով հետաքննությունների թիվը», - ավարտել է իր ասելիքը ՀՀ -ում ԱՄՆ դեսպանատան թմրանյութերի դեմ պայքարի եւ իրավական համագործակցության բաժնի ղեկավարը:



Նա նաեւ նշել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային կից փորձագետների ազգային բյուրոյի հետ համագործակցության մասին եւ հայտնել, որ 2009 թ. ԱՄՆ հովնավորել է հայ քննիչների եւ դատախազների այցը Գլենդեյլ քաղաքի ոստիկանության բաժիններ: «Նմանատիպ այցերը օգնում են հանցագործության դեմ պայքարում համագործակցության ձեւավորմանը», -ընդգծել է Ջոն Մահերը: Նրա խոսքերի համաձայն, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրանյութերի դեմ պայքարի եւ իրավական համագործակցության բաժնի տարեկան բյուջեն կազմում է 3 մլն դոլար:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---