22 դեկտեմբերի 2009 - 19:52 AMT
Հայաստանի դեսպանությունների եւ հյուպատոսական հաստատությունների գործունեությունը կկանոնակարգվի
«Ազգային անվտանգության խորհրդի այսօրվա նիստում քննարկվեցին Հայաստանի դեսպանությունների եւ հյուպատոսական հաստատությունների գործունեության ուղղություններին վերաբերող չորս փաստաթղթեր»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին հաղորդեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Բաղդասարյանի խոսքով, փաստաթղթերը վերաբերում են դեսպանությունների եւ հյուպատոսական հաստատությունների գործունեության ծրագրավորմանը: «Այդ փաստաթղթերի ընդունմամբ Հայաստանում առաջին անգամ դեսպանությունների եւ հյուպատոսական հաստատությունների գործունեությունը կկանոնակարգվի: ԱԱԽ համաձայնությունից հետո այդ փաստաթղթերը հաստատման համար կներկայացվեն ՀՀ նախագահին»,- նկատեց ԱԱԽ քարտուղարը:

Նա հաղորդեց նաեւ, որ այսուհետ Հայաստանի դեսպանություններն ու հյուպատոսական հաստատությունները գործունեության տարեկան ծրագրեր կունենան: «Յուրաքանչյուր տարվա արդյունքներով ԱԱԽ-ում կկայանան նաեւ քննարկումներ, որտեղ կներկայացվեն Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները եւ ՀՀ ԱԳ նախարարության կատարած աշխատանքը»,- նկատեց Բաղդասարյանը: