23 դեկտեմբերի 2009 - 10:49 AMT
Մոսկվայի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց. Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները
Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց- պետական համալսարանը (ԷԲԴ-ՊՀ) ձմեռային դպրոց է կազմակերպել ՌԴ եւ ԱՊՀ բուհերի 3-5 կուրսերի ուսանողների եւ շրջանավարտների համար, որտեղ ներկայացվում են մագիստրոսական ծրագրեր հետեւյալ ուղղություններով` էկոնոմիկա, մենեջմենտ, բիզնես-տեղեկատվություն, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, հոգեբանություն, իրավաբանություն, սոցիոլոգիա, մաթեմատիկա, փիլիսոփայություն, ժուռնալիստիկա: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net- թղթակիցը Մոսկվայից, 2009թ. փետրվարին ԷԲԴ-ՊՀ-ն առաջին անգամ նման դասընթացներ կազմակերպեց, որին մասնակցեցին շուրջ 300 ուսանողներ ՌԴ տարբեր մարզերից եւ ԱՊՀ երկրներից, այդ թվում նաեւ Հայաստանում: Դպրոցը շարունակում է ընդունելությունը մագիստրատուրայի պետպատվերով տեղերի համար: Ձմեռային դասընթացներն անց են կացվում մերձմոսկովյան հանգստյան տներում, կրթական եւ մշակութային ծրագրերի, մասնակիցների բնակվելու եւ սննդի, ճանապարհի ծախսերը հոգում է դպրոցը: ԷԲԴ-ՊՀ պաշտոնական www.hse.ru կայքէջն առավել մանրամասն տեղեկատվություն է առաջարկում ձմեռային դպրոցի մասին:

ԷԲԴ-ՊՀ-ն շարունակում է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ կրթության եւ գիտության ոլորտներում 2009թ. հուլիսին «Ռուսհամագործակցության» շրջանակներում կնքված համաձայնության շրջանակներում` միջազգային հումանիտար ոլորտում փոխգործակցության եւ ԱՊՀ երկրներում կրթական ու գիտական ծրագրերի զարգացման վերաբերյալ, որի շրջանակներում էլ տեղի ունեցավ դպրոցի պատվիրակության առաջին այցն Երեւան 2009թ. հոկտեմբերին: Ուղեւորությունը նվիրված էր «EXPO-RUSSIA ARMENIA» ռուսաստանյան երկրորդ արդյունաբերական ցուցահանդեսին Երեւանում: Հանդիպումներ տեղի ունեցան Ռուս-Հայկական (Սլավոնական), Երեւանի պետական ճարտարապետական եւ շինարարական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, մասնավոր բուհերի ղեկավարության հետ: Նախատեսվում է զարգացնել դպրոցի համագործակցությունը Հայաստանի բուհերի հետ տարբեր նախագծերի, խորհրդաժողովների, ուսանողական, համատեղ գիտական եւ դիտարկման հետազոտությունների ոլորտում: