23 դեկտեմբերի 2009 - 19:27 AMT
Հայաստանում գործարկվել է նոր ARMHOTELS օն-լայն գրանցման ծրագիրը
Դեկտեմբերի 23-ին Երեւանում գործարկվել է նոր ARMHOTELS օն-լայն գրանցման ծրագիրը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ARMHOTELS ծրագրի ղեկավար Աշոտ Նազարյանն, այս համակարգը նորություն չէ, այն կիրառվում է բոլոր այն երկրներում, որտեղ զբոսաշրջությունը բավականաչափ զարգացած է: «Հայաստանի համար սա նոր համակարգ է, նրա առավելությունն այն է, որ ցանկացած մարդ կարող է մուտք գործել համակարգ եւ րոպեների ընթացքում գրանցել սեփական զբոսաշրջային փաթեթը համակարգում ներկայացված ծառայությունների շրջանակներում»,-ասել է նա:

Ըստ նախագծի ղեկավարի, գրանցելով անհրաժեշտ ծառայությունը, համակարգի այցելուն ստանում է վաուչեր, վճարում է նրանով եւ փոխարենը ստանում է իր ընտրած ծառայությունը, լինի դա հյուրանոց, էքսկուրսիա, թատրոնի կամ պատկերասրահի այցելություն:

Ըստ Աշոտ Նազարյանի, Հայաստանում զբոսաշրջության զարգացման համակարգը հետաքրքիր է այն տեսակետից, որ առավել դյուրին է դարձնում պոտենցիալ գնորդի եւ վաճառողի աշխատանքը: Համակարգը նախատեսված է նաեւ տեղի սպառողի համար: «Օրինակ, եթե ցանկանում եք թատրոն այցելել, գրանցում եք տոմսը, վճարում եք, ստանում եք վաուչերը եւ ներկայացնում եք այն տոմսի փոխարեն»,-պարզաբանել է նա: