24 դեկտեմբերի 2009 - 16:53 AMT
Երեւանում կկայանա «EXPO -թանգարանային ինդուստրիա» ցուցահանդես վաճառքը
Դեկտեմբերի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահի միջնադարյան արվեստի սրահում կկայանա «EXPO -թանգարանային ինդուստրիա» (MUSEX) ցուցահանդես վաճառքը եւ մեկօրյա սեմինար` Հայաստանի մարզերի եւ Երեւանի թանգարանների ներկայացուցիչների համար:

Ցուցահանդեսը, որ իրականացվում է Բրիտանական խորհրդի (British Council) հայաստանյան գրասենյակի «Ստեղծագործ համագործակցություն» ծրագրի շրջանակներում, կազմակերպել են Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության թանգարանը, Էրեբունի թանգարանը եւ այլն:

Սեմինարը վարելու է Վրաստանի արվեստների միջազգային կենտրոնի տնօրեն Մակա Դվինաշվիլին, ով Բրիտանական խորհրդի «Ստեղծագործ համագործակցություն» ծրագրի շրջանակում անցկացվող «Մշակութային արդյունաբերության զարգացում» ծրագրի ղեկավարն է:

«Մշակութային արդյունաբերության զարգացում» ծրագիրը ներկայացրել է Վրաստանի արվեստների միջազգային կենտրոնը, որի նպատակն է` հնարավորություն ստեղծել տարբեր երկրների արվեստի գործիչների համագործակցության համար, զարգացնել թանգարանային մշակույթը, նպաստել թանգարանային հուշանվերների արտադրման գործընթացին:

Ծրագրի շրջանակներում երկու երկրների թանգարանները ստեղծել են հուշանվերային նմուշներ եւ տեղադրել համատեղ վեբ-կայքում: