Օմբուդսմեն. ՀՀ դատական համակարգում գործում է «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքը

PanARMENIAN.Net - «Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ Հայաստանում երաշխավորված չէ արդար դատավարության իրավունքը»,-մամլո ասուլիսում, ներկայացնելով ՀՀ-ում դատավարության մասին իր արտահերթ զեկույցը, հայտարարել է ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը:



Ըստ Հարությունյանի, Հայաստանում արդար դատավարության խախատումները կապված են նրա, հետ, որ դատական համակարգը գտնվում է դատախազության ազդեցության տակ: «Դա նենգափոխում է դատարանի իսկական դերն ու նշանակությունը, անվստահություն սերմանելով դատական համակարգի հանդեպ»,-ասել է նա: Խախտումները վերացնելու նպատակով Ա. Հարությունյանն առաջարկում է, որ Հայաստանի դատական համակարգը գնա ինքնամաքրման եւ անկախության ամրապնդման ճանապարհով:



Նա նաեւ հավելել է, որ իրավակիրառ պրակտիկայում առկա խախտումները պայմանավորված են նաեւ օրենսդրական համակարգի թերություններով:



Հարությունյանն ընդգծել է, որ զեկույցում օրինակներ են բերվում նաեւ 2008թ. մարտի 1-ի դատավարություններից, որտեղ ակնհայտորեն երեւում են այս բոլոր խախատումները: «Իմ դիտարկումները ցույց տվեցին, որ եթե հարուցված քրեական գործերը հասնեն Ստրասբուրգ, ապա դրանց 90 տոկսում մենք պարտություն կկրենք»,-ասել է մարդու իրավունքների պաշտպանը:



Ամփոփելով` Հարությունյանն ասել է, որ, ցավոք, Հայաստանի դատական համակարգում գործում է «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքը: «Չնայած, որ 2009 թվականի դրական տեղաշարժ գրանցվեց այդ ուղղությամբ, սակայն այս պահի դրությամբ Հայաստանում չկա անկախ եւ ազատ դատարան»,-ասել է օմբուդսմենը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---