Հայաստանը Ռուսաստանից 100 մլն դոլար է խնդրել ադամանդի մշակման ոլորտի զարգացման համար

PanARMENIAN.Net - Հայաստանը դիմել է ռուսական կողմին` խնդրելով 100 մլն դոլար հավելյալ միջոց տրամադրել, որն ամբողջությամբ կուղղվի ադամանդամշակման ոլորտի զարգացմանը, Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք դիմել ենք մեր ռուս գործընկերներին` խնդրելով Հայաստանին տրամադրել 100 մլն դոլար: Այդ միջոցները ամբողջությամբ տրամադրվելու են ադամանդների մշակման ոլորտի զարգացմանը», - ասել է նա:



Ինչպես նշել է վարչապետը, բանակցություններ են վարվում ռուսական ԱԼՌՈՍԱ ընկերության հետ, եւ դրական արդյունքների հասնելու դեպքում այն հնարավորություն կտա ստեղծելու անհրաժեշտ պայմաններ այս ոլորտի զարգացման համար, ինչպես նաեւ ռուսական հումքով ապահովել հայկական ընկերությունները: Նա նաեւ ավելացրել է, որ վարկի հիմնական ծանրությունը դրվելու է մասնավոր սեկտորի վրա, որի ներկայացուցիչները մասնակցում են վարկի տրամադրման բանակցություններին:



Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ Ռուսաստանի տված 500 մլն դոլարից կամ 185 մլրդ դրամից աղետի գոտու շինարարական աշխատանքներին է ուղղվել 45 մլրդ դրամ, իսկ 90 մլրդ դրամ ուղղվել է փոքր եւ միջին բիզնեսի, արտահանման եւ զբոսաշրջության խթանման վարկավորմանը, 54 մլրդ դրամ էլ պահվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայունացման ֆոնդում:



Վարչապետը նշել է նաեւ, որ Հայաստանի կառավարությունը Ռուսաստանից այլ վարկեր չի նախատեսում վերցնել:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---