Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը շահութաբեր չէ Թուրքիայի համար

PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը շահութաբեր չէ Թուրքիայի համար: Այդ մասին գրում է «Վաթան» թերթը, հղում անելով BOTAS ընկերության գաղտնի հաշվետվության վրա, որն ուղարկվել է Թուրքիայի Մեծ ազգային ժողով:



Ըստ զեկույցի, 3 տարում BOTAS ընկերությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծից 2010 մլն դոլարի վնաս է կրել, եւ եթե գործող պայմանագիրը չփոխվի, գումարը կաճի:



Այդ կապակցությամբ, դեկտեմբերի 9-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովը փակ նիստ է անցկացրել: Նիստում նշվել է, որ BOTAS International LTD ընկերությունը, որը փորձում է փակել ֆինանսական ռեսուրսների իր պահանջները կարճաժամկետ եւ երկարաժամկետ վարկերի միջոցով, վերածվել են անշահութաբեր ընկերությունների: Այդ իրավիճակից դուրս գալու համար BOTAS-ը առաջարկներ է ներկայացրել, որն այժմ դիտարկվում է: Ըստ ընկերության, վնասները առաջանում են 2 պատճառով: Առաջինը, կնքված պայմանագրերը երաշխիքներ չեն տալիս նավթամուղը լցնելու եւ արտահանվող նավթի ծավալների վերաբերյալ: Եվ երկրորդը, թեեւ ի սկզբանե պայմանավորվածութուն կար, որ նավթը որպես վառելիք պոմպակայանների համար կլինի բարելի դիմաց 18 դոլարից ոչ ավելի, հետագայում որպես վառելիք օգտագործվեց բնական գազը, որի գինը ֆիքսված չէր պայմանագրում: Գազի գների աճի պատճառով BOTAS-ը եւս վնասներ է կրում եւ պահանջում է ապահովել պայմանագրային ծավալներն ու կայուն գին սահմանել գազի համար:



Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի բացման արարողությունը Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի նախագահների մասնակցությամբ տեղի ունեցավ 2006թ. հուլիսի 13-ին: Թուրքիան տարեկան 300 մլն դոլար եկամուտ էր ակնկալում այդ նախագծից: Նախագծի օպերատորն է BTC CO-ն: Թուրքական հատվածի շահագործումը իրականացնում է BOTAS ընկերությունը: Ընկերությունը յուրաքանչյուր բարել նավթի տարանցման համար գանձում է 35 ցենտ եւ 20 ցենտ որպես հարկ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---