Երեւանում վերածնվում են հեղինակային երգի ավանդույթները. թողարկվել է «Հեղինակային երգերի N1 Bclub» CD

PanARMENIAN.Net - Երեւանում վերածնունդ է ապրում կիթառի հնչյունների ներքո երգելու հին ավանդույթը: Հեղինակային երգի սիրահարները, երկար ընդմիջումից հետո, կրկին սկսում են հավաքվել, որպեսզի վերհիշեն հին ու լավ ժամանակները, վերջին նորություններն իրար պատմեն եւ, իհարկե, վայելեն երգերի հաճույքը, որոնց ճակատագիրը դեռ պետք է որոշվի: Այդ մարդիկ հավաքվել ու ստեղծել են իրենց ակումբը, որտեղ կարող են հավաքվել ամեն ուրբաթ օր: Ամենահաճելին այն է, որ վերականգնվել է հին օրերի մթնոլորտը` մոմեր, թույլ լուսավորություն, փայտե կահույք, ոչ մի ավելորդ բան, որը ուշադրությունը կարող է շեղել: Ինչպես հայտնում է հեղինակ- կատարող Էդվարդ Զորիկյանը , ով այդ բեմում ելույթ է ունեցել. «Այստեղ եկող եւ ելույթ ունեցող մարդիկ յուրահատուկ են: Եթե այստեղ պատահական մարդիկ են գալիս, ապա նրանք հեռանում են` ասելով. «Գնանք, այստեղ դեռ վերանորոգումն ավարտված չէ»: Այս դահլիճում նստածները միայն մեր հանդիսատեսներն են, մեր մտերիմները»:



Ակումբում բեմ` որպես այդպիսին, չկա, կան նստատեղեր, որտեղ մարդիկ կարող են նստել, կիթառ վերցնել եւ երգել: Իսկ եթե երգել չգիտեն, ապա նրանց նվագակցում են ընկերները: Իսկ ամենագլխավորն այն է, որ ոչ ոք սահմաններ եւ սահմանափակումներ չի դնում, թե ինչ է պետք երգել ու խոսել, այդ պատճառով երգերը հաճախ վերածվում են երկխոսությունների: Երեկոներից մեկի ժամանակ Վախթանգ Հարությունյանը ` ուրբաթօրյա երեկոների կազմակերպիչը, իր հիշողությունները կիսեց մեզ հետ. « 1991 թ., երբ ոչ լույս կար, ոչ գազ, մենք հավաքվում էինք Ճարտարապետների միությունում եւ երգում էինք: Դահլիճում ջերմաստիճանը 0 աստիճան էր, սակայն մենք ջերմություն էինք զգում: Հետո լույսերը տվեցին եւ մենք հանկարծ մրսեցինք: Նոր գործեր, հոգսեր ի հայտ եկան: Բայց ես շատ ուրախ եմ, որ մենք վերականգնել ենք մեր հին ավանդույթը` երգել կիթառի հնչյունների տակ, եւ ստեղծեցինք մեր ակումբը»:



Սակայն ուրբաթ օրը` դեկտեմբերի 25-ը հեղինակային երգերի սիրահարների համար եւս մի բանով նշանավորվեց: Այդ օրը թողարկվեց «Հեղինակային երգերի N1 Bclub» CD: Հավաքածուի մեջ ներգրավված է 12 հեղինակ- կատարողների 16 երգ: «Այն կօգնի նրանց, ովքեր չեն կարողացել այս կամ այն պատճառով ակումբ գալ, կլսեն այդ երգերը տանը: Եվ հավատացեք, որ նույն ջերմությունն է նրանցում, ինչով մենք երգել ենք ակումբում», - ընդգծել է Վախթանգ Հարությունյանը:



Հունվարի 15-ից սկսած ամեն ուրբաթ օր հումորով եւ հեղինակի մեկնաբանություններով հեղինակային երգեր կհնչեն ակումբում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---