Հայաստանում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» կստեղծվի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ին` ժամը 10:00-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) տեղի կունենա «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» հիմնելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), «Մայքրոսոֆթ Ար Էյ» ընկերության եւ ՀՊՃՀ-ի միջեւ` ի դեմս ՁԻՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, ընկերության տնօրեն Գրիգորի Բարսեղյանի եւ ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի: Հայաստանում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ի ստեղծումը ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), ՁԻՀ-ի, «Մայքրոսոֆթ Ար Էյ» ընկերության եւ ՀՊՃՀ համագործակցության արդյունքն է:



Համաձայն ստորագրվող համաձայնագրի` ՁԻՀ-ը ԱՄՆ զարգացման գործակալության եւ Մայքրոսոֆթ կորպորացիայի աջակցությամբ իրականացվող «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» ծրագրի շրջանակում Պոլիտեխնիկի հետ համատեղ կհիմնի անհրաժեշտ սարքավորումներով կահավորված «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն», որի նպատակն է` նպաստել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացմանը, նորաստեղծ կազմակերպությունների ձեւավորմանը; պատրաստել եւ վերապատրաստել ՀՊՃՀ եւ այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներին, ուսանողներին, ՏՏ բնագավառում գործող կազմակերպությունների մասնագետներին, ինչպես նաեւ անցկացնել Մայքրոսոֆթ սերտիֆիկացման դասընթացներ:



Կենտրոնում կազմակերպվող դասընթացներում կընդգրկվեն ինչպես ճարտարագիտական համալսարանի դասախոսական անձնակազմը եւ ուսանողությունը, այնպես էլ ՏՏ ոլորտի հայաստանյան եւ օտարերկրյա այլ մասնագետները: Հեռանկարում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ` «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» ծրագրի շրջանակում անցկացվող դասընթացները ՀՊՃՀ ուսումնական ծրագրերում աստիճանաբար ներդնելու ուղղությամբ, հաղորդում է ՀՊՃՀ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---