Հայաստանում զբաղվածության պաշտոնական եւ իրական ցուցանիշների հարաբերությունը 27,5 % է

PanARMENIAN.Net - «Աշխատաշուկաների կազմակերպում» ծրագրի շրջանակներում «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը 2009 թ. երրորդ եռամսյակում աշխատանքի է տեղավորվել 161 մարդ: Այս մասին Երեւանում տեղի ունեցած իր ամփոփիչ մամլո ասուլիսում ասել է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը: Նրա խոսքերի համաձայն, երրորդ եռամսյակի ընթացքում գործակալությունն ստեղծել է 6 աշխատաշուկա` Գյումրիում, Դիլիջանում, Վանաձորում, Արտաշատում, Կապանում եւ Հրազդանում, որոնց մասնակցել են 218 գործատու` տրամադրելով 1363 թափուր աշխատատեղ եւ 10750 աշխատանք փնտրողների:



«Ճգնաժամի պայմաններում առանձնահատուկ տեղ է գրավել նաեւ «Ձեռնարկատիրական գործունեության պետգրանցման գործում գործազուրկների եւ հաշմանդամների հետ համագործակցություն» ծրագիրը, որի շրջանակներում ֆինանսական օգնություն է ցուցաբերվել 104 քաղաքացու, որոնցից կեսից ավելին կանայք են (54%) եւ 4 հաշմանդամ», - ասել է գործակալության պետը:



Սոնա Հարությունյանը հայտնել է, որ «Մասնագիտացված ուսուցում» ծրագրում ընթացիկ տարվում ներգրավվել են 1545 մարդ` ի դիմաց նախատեսված 1467-ի, որոնցից 79 հաշմանդամ են, ինչն էլ ապահովել է ծրագրի կատարումը 105,3 %-ով: «Ներկա պահին մասնագիտացված ուսուցումը շարունակում է 410 մարդ», - ավելացրել է նա:



«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատավարձի փոխհատուցման» ծրագիրը կատարվել է 114,5 %-ով, որի արդյունքում աշխատանքի է ընդունվել 229 մարդ, որից` 107 հաշմանդամ: «Հասարակական աշխատանքների վճարման կարգը» ծրագրում ներգրավվել են 215 շրջան` ի դիմաց 2008 թ. 282 շրջանների, իրականացվել է 306 նախագիծ, որոնց մասնակցել է 4690 մարդ` ի դիմաց 2008 թ. 7006 մարդու: Ամբողջությամբ չի կատարվել նաեւ «Այլ վայրերում աշխատանքի ուղեգրված անձանց նյութական ծախսերի փոխհատուցում» ծրագիրը` 30 մարդու փոխարեն այլ վայր աշխատանքի է ուղարկվել 10 գործազուրկ:



Գործակալության պետը նշել է, որ ՄԱԿ-ի մեթոդաբանության հիման վրա` զբաղվածության պաշտոնական եւ իրական ցուցանիշների համեմատությամբ ուսումնասիրություններ են կատարվել, որոնց մոտավոր տվյալների համաձայն այդ ցուցանիշը կազմում է 27,5 %:
 Ուշագրավ
Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին
Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ
---