Հայաստանի նախագահը եւ առաջին տիկինը հանդիպել են ավարտական դասարանների լավագույն աշակերտների հետ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ նրա տիկինը` Ռիտա Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում ընդունել են հանրապետության ավարտական դասարանների լավագույն աշակերտներին, որոնք նաեւ դեկտեմբերի սկզբին ՀՀ գիտության եւ կրթության նախարարության հայտարարած «Ով, եթե ոչ ես» վերնագրով շարադրության մրցույթի հաղթողներն էին:



Մրցույթին ներկայացվել էր դպրոցների ոսկե մեդալակիրների 138 շարադրություն, որից քսանը համարվել է լավագույնը: Հաղթողներին շնորհավորելով, Սերժ Սարգսյանն ասել է. «Թող 2010 թ. լինի ձեր առաջին ամենալուրջ հաղթանակների տարին: Գերազանց արդյունքները հաղթանակներ են, ձե'ր հաղթանակները: Իսկ հաղթելու համար մարդը պետք է կարողանա նախ ինքն իրեն հաղթել, իր կասկածներն ու անվստահությունը հաղթահարել»: Նախագահն ասել է, որ մեծ բավականությամբ ծանոթացել է «Ով, եթե ոչ ես» վերնագրով նրանց շարադրություններին:



«Ամենակարեւորը, որ կարմիր գծի պես անցնում է ձեր աշխատանքներում, հայրենասիրությունն է, հավատը վաղվա օրվա հանդեպ ու պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը: Ես վստահ եմ, որ բոլորդ լավ մարդ եւ լավ քաղաքացի եք դառնալու մեր երկրի համար», - ասել է Սերժ Սարգսյանը:



ՀՀ նախագահը դպրոցականներին նվիրել է Գրիգոր Նարեկացու «Նարեկը» եւ հեռախոսակապի Orange ծրարը` բջջային հեռախոս եւ քարտ: Բոլոր հեռախոսահամարները մեկ փաթեթի մեջ են գործելու, որպեսզի դպրոցականները կարողանան միմյանց հետ շփվել:



Առաջին տիկինն իր հերթին, պատանի հյուրերին ողջունելով` հույս է հայտնել, որ այդ մրցույթն ու միջոցառումը ավանդույթ կդառնան:

Նշենք, որ այս տարի հանրապետությունում մեդալակիրների թիվը 138 է:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---