Երիտասարդ առաջնորդների դպրոցի առաջին 50 շրջանավարտները ավարտական վկայագրեր ստացան

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի Երիտասարդ առաջնորդների դպրոցի առաջին ավարտական արարողությունը: Շուրջ 50 երիտասարդներ, ովքեր միջին ու բարձր մակարդակի ղեկավարներ են պետական, մասնավոր եւ հասարակական ոլորտներում, ստացան Դպրոցի ավարտական վկայագրերը: Արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, Դպրոցի բարեկամներ եւ ուսանողներ:



Ողջույնի խոսքում ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, կարեւորելով ծրագրի էությունը, նշեց, որ Դպրոցի խնդիրները ծառայում են իրենց հիմնական նպատակին` երիտասարդ առաջնորդների ի հայտ բերելուն եւ նրանց համապատասխան գիտելիքներ, ունակություններ փոխանցելուն: «Երիտասարդ առաջնորդների դպրոցը շատ կարեւոր ծրագիր է, եւ հուսով եմ, որ միասին կգտնենք համագործակցության այն ոլորտներն ու եզրերը, որտեղ փոխադարձաբար օգտակար կլինենք` դուք ձեր ունակություններով եւ հմտություններով գործադիր իշխանության ամենօրյա աշխատանքներում, եւ մենք` աջակցելով ձեզ, որպեսզի երիտասարդ առաջնորդների փորձառությունն ու գիտելիքներն անմասն չմնան մեր երկրում իրականացվող բարեփոխումներին եւ զարգացումներին»,- նշեց ՀՀ փոխվարչապետ Ա. Գեւորգյանը:



ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը կարեւորեց արագ փոփոխվող աշխարհում երիտասարդ առաջնորդների դերը: Ըստ Ա. Քարամյանի` 2010 ծրագրի համար պետական երիտասարդական քաղաքականության համատեքստում կարեւորվելու է Երիտասարդ առաջնորդների դպրոցի շրջանավարտների որակների օգտագործումը պետության առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում: «Դպրոցը չի դառնալու միայն որոշակի կրթական կուրս, այն պետք է ունենա նաեւ գործնական արտահայտություն ե'ւ կառավարման համակարգում, ե'ւ առօրյա կյանքում: Առաջնորդությունն առաջին հերթին պատասխանատվության ստանձնում է, ոչ ստանդարտ իրավիճակներում որոշումների կայացում, որակներ, որոնք խիստ անհրաժեշտ են անցումային շրջանում գտնվող ցանկացած երկրի»,- նշեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:



Միջոցառման ավարտին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ավարտական վկայագրեր հանձնեց Երիտասարդ առաջնորդների դպրոցի շրջանավարտներին, հաղորդում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---