28 դեկտեմբերի 2009 - 20:42 AMT
Ռուսաստանում այժմ բնակվում է ամենամեծ հայ համայնքը
Ռուսաստանում այժմ բնակվում է ամենամեծ հայ համայնքը` նրա քանակը որոշ տվյալներով հասնում է 2,2 մլն մարդու: Եվ դա պատահական չէ, քանի որ, ինչպես հայտնի է պատմությունից, հենց Ռուսաստանում, որպես քրիստոնյա պետությունում, արդեն X-XI դարերից ի վեր սկսեցին ստեղծվել առաջին հայկական բնակավայրերը, իսկ XIX դարից սկսած արեւելյան հայերի կյանքն արդեն անմիջականորեն կապված է Ռուսաստանի ճակատագրի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ, «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը: Ըստ նրա, Ռուսաստանի հայ համայնքը կարեւոր դերակատարություն ունի Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերության հետագա խորացման գործում, նպաստում է մի շարք հեռանկարային տնտեսական, հումանիտար եւ այլ ծրագրերի իրականացմանը Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ:

Սերգեյ Միրոնովը նշեց համագործակցությունը «Ռուս-հայկական համագործակցության» հետ, որը գլխավորում է Յուրի Նավոյանը: «Մեր «Արդար աշխարհ» ինստիտուտը «Ռուս-հայկական համագործակցության» հետ կազմակերպեց «Ցեղասպանության ֆենոմենը`պատճառներն ու կանխարգելման միջոցները» միջազգային խորհրդաժողովը, որը նվիրված էր Ցեղասպանության կանխարգելման եւ պատժի միջազգային կոնվենցիայի 60-ամյակին: Խորհրդաժողովին մասնակցել են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ՌԴ Պետդումայի պատգամավորներ, քաղաքական գործիչներ եւ մասնագետներ Եվրոպայից ու ԱՊՀ երկրներից, ռուս փորձագետներ, հասարակական կազմակերպությունների եւ ազգային համայնքների ներկայացուցիչներ: Խորհրդաժողողվը կոչ է արել ակտիվացնել ցեղասպանության վերացմանն ուղղված ջանքերը ՄԱԿ-ի շրջանակներում եւ նրա շրջանակներից դուրս: Հայտնի է, որ 1995թ. ՌԴ Պետդուման հատուկ հայտարարություն է ընդունել, որտեղ դատապարտել է 1915թ. Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Դաշնության խորհրդի ղեկավարը, գրում է «Նոեւ կովչեգ» թերթը: