Լուարա Հայրապետյանը 2-րդ տեղն է գրավել «Մանկական «Նովայա վոլնա»-2009» մրցույթում

PanARMENIAN.Net -
Պատանի երգչուհի Լուարա Հայրապետյանը 2-րդ տեղն է գրավել «Մանկական «Նովայա վոլնա»-2009» մրցույթում եւ որպես մրցանակ ստացել է պրոֆեսիոնալ երաժշտական սարքավորումներ: Մրցույթն անցել է երկու փուլով: Առաջին մրցութային օրը, դեկտեմբերի 21-ին, երկու տարիքային խմբերի` 8-12 տարեկան եւ 13-15 տարեկան մասնակիցներն երգեր կատարեցին մանկական կինոֆիլմերից եւ մուլտֆիլմերից: Երկրորդ օրը նրանք կատարեցին օրիգինալ երգեր իրենց երգացանկից: Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ գալա համերգը ռուսական էստրադայի բազում աստղերի մասնակցությամբ եւ հաղթողների պարգեւատրումը: Կրտսեր տարիքային խմբում առաջին տեղը գրավեց մրցույթի ամենափոքր մասնակիցը` 8-ամյա Սոլոմիան Ուկրաինայից: Երկրորդ տեղում են Լուարա Հայրապետյանը` Բելառուսի ներկայացուցիչ Ռոմա Վոլոզնեւի հետ միասին: Երրորդ տեղում է Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադ Կարաշչուկը:



Երկրորդ տարիքային խմբում հաղթել է վրացուհի Աննա Գիբրաձեն, երկրորդ եւ երրորդ տեղերում են Ուկրաինայի ներկայացուցիչներ Մարիա Ստասյուկն ու Անգելինա Շալիմովան: Ադամանդներով զարդարված հանդիսատեսի համակրանքի մրցանակը ստացավ 9-ամյա Լի Զեքսին Չինաստանից:







Մանկական «Նովայա վոլնա» մրցույթ

«Մանկական «Նովայա վոլնա» մրցույթը փոփ-երաժշտության երիտասարդ կատարողների առաջին միջազգային մրցույթն է, որ անց է կացվում երկրորդ անգամ: Առաջին անգամ այն անցել է 2008 թվականին: Մրցույթի կազմակերպիչն է «APC» հոլդինգը: Մրցույթին մասնակցում են երկու տարիքային խմբերի` 8-12 տարեկան եւ 13-15 տարեկան մասնակիցներն: Այս մրցույթը լայնածավալ տարածաշրջանային ծրագիր ունի: Ընտրական փուլերն անց են կացվում ՌԴ յոթ դաշնային շրջաններում եւ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում, Լատվիայում, Լիտվայում, Ուկրաինայում, Էստոնիայում: Կազմկոմիտեի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է բարեգործական ծրագրերի իրագործումը: Մրցույթի հիմնական նպատակներից մեկն է բարեկամական հարաբերությունների զարգացումը, տարբեր ազգային մշակույթները ներկայացնող երիտասարդների միջեւ մշակութային փոխազդեցության ամրապնդումը:

Լուարա Հայրապետյան

Լուարա Հայրապետյանը «Մանկական «Նովայա վոլնա»-2009» մրցույթի եզրափակչի մասնակիցն է Հայաստանից: Հայ երգչուհին, որը սովորաբար հանդես է գալիս Լարա անունով, ներկայացրեց Հայաստանը «Մանկական եվրատեսիլ-2009» մրցույթում` կատարելով «Բարսելոնա» երգը: Նա ծնվել է Աստրախանում 1997թ. սեպտեմբերի 29-ին: Չորս տարեկանից աղջիկը զբաղվել է վոկալով: Չնայած պատանի հասակին, Լուարան բազմիցս է դարձել տարբեր միջազգային եւ համառուսաստանյան մրցույթների դափնեկիր: 2003թ. Լուարան Վոլգոգրադում կայացած «Ռադուգա» միջազգային փառատոնում «Փոքրիկ հրաշք» անվանակարգում արժանացավ Գրան-պրիի: 2006թ. Տուապսեում էստրադային երգի Համառուսաստանյան մրցույթում նա եւս արժանացել է Գրան-պրիի: 2006թ. Լուարա Հայրապետյանը մասնակցել է Եվրատեսիլ-2006-ին ընտրական փուլին Ռուսաստանում, զբաղեցնելով 2-րդ տեղը: Նա հանդիսանում է «Սլավյանսկի բազար-2008»-ի մանկական մրցույթի հաղթողը: 2009-ին Լուարան արժաթ բերեց Հայաստանին` կիսելով երկրորդ տեղը ՌԴ ներկայացուցիչ Կատյա Ռյաբովայի հետ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---