9 հունվարի 2010 - 13:14 AMT
Հիլարի Քլինթոնը խորհրդակցություններ կանցկացնի ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների հետ


ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը փետրվարին խորհրդակցություններ կանցկացնի ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների շուրջ: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հաղորդագրության մեջ: Կազմակերպությունը դիմել էր պետքարտուղարին հանդիպում ունենալու խնդրանքով, որի ընթացքում քննարկվելու են ԱՄՆ հայ համայնքին առնչվող հարցեր:

«Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ՀՀ նախագահի, համարձակ քայլերի գնաց, այն դեպքում, երբ Թուրքիան շարունակում է իր ոչ կառուցողական քայլերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ելնելով դրանից, այդ հանդիպումը լուրջ հնարավորություն է ընձեռում քննարկել ամերիկյան վարչակազմի գործողություները, որոնք ուղղված պետք է լինեն Թուրքիային պատասխանատվության կանչելուն»,-ասել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ըստ նրա, Թուրքիայի կողմից շարունակվող Հայոց ցեղասպանության փաստի ուրացման ֆոնի վրա, ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները պետք է կրկնպատկեն Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Կոնգրեսի կողմից համապատասխան բանավեճի ընդունմանն ուղղված ջանքերը:

Խորհրդակցություններին մասնակցելու նպատակով հրավիրվել են ԱՀՀ-ն, Հայ ընդհանուր բարեգործական միությունը, ԱՄՆ-ում ՀԱԵ Արեւելյան եւ Արեւմտյան թեմերի, «Վարդանի ասպետները» կազմակերպության ներկայացուցիչներն ու ANCA-ն (Ամերիկայի հայ դատի հանձնախումբ):